Դատախազությունը նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հնարավոր բերման ենթարկումը չի համարում ազատազրկում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Գեւորգյանն արդեն երկրորդ անգամ չի կարողանում մասնակցել դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ նիստին:

Այսօր դատարանն անհարգալից համարեց Գեւորգյանի բացակայությունը՝ չնայած նրան, որ նա առաջադրվում է խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Լրագրողների հարցին, թե ինչպես է լինելու Գեւորգյանի բերման ենթարկումը, Պետրոսյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ում կհանձնարարվի Գեւորգյանին դատարան բերել:

«Ինչո՞ւ եք որոշել, որ դա տեղի կունենա ԱԺ-ում:Կյանքը ցույց կտա, թե ինչպես կիրականացվի դատարանի որոշումը կամ չի իրականացվի»,-նկատեց Պետրոսյանը՝ հավելելով, որ չի կարող կանխատեսումներ անել:

Պետրոսյանն օրինակ բերեց. ազդեցության միջոցները կիրառվում են, որպեսզի պարտավորությունները կատարվեն: Իսկ վկային բերելը նո՞ւյնպես ձերբակալություն է: Եթե Գեւորգյանին հաջողվի համոզել, որ իր ներկայությունն ԱԺ-ում անհրաժեշտություն է,ապա դատախազությունը չի պնդի, որ պետք է բերման ենթարկել:

Այդ դեպքում ի՞նչ անել դատարանի որոշման հետ, եւ ինչո՞ւ է դատարանն անհարգալից համարում Գեւորգյանի մասնակցությունը քվեարկությանը. այս հարցերի պատասխանը մնում է անհայտ: