Նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Գեւորգյանը խոստացավ ներկա լինել հաջորդ դատական նիստին: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:

«Չգիտեմ՝ ինչը պարզաբանել: Տարօրինակ որոշում էր: Անցած շաբաթ իմ բացակայությունը հարգելի համարվեց, իսկ այս շաբաթ՝ ոչ: Կխոսեմ փաստաբանների հետ, հետո միայն կասեմ: Ինքս չեմ հետեւել նիստին, շատ բան չեմ կարող ասել: Եթե դատարանը ցանկանում է, որպեսզի ես ներկա լինեմ , ապա ես անպայման կլինեմ՝ անկախ հանգամանքներից: Պարզապես հարցն այն է, որ այժմ ԱԺ առաջին նիստն է անցկացվում, ձեւավորվում են հանձնաժողովներ»,-նշեց Գեւորգյանը:

Հարցին, թե արդյոք քաղաքական ճնշման նշաններ է տեսնում, Գեւորգյանը նկատեց, որ նախընտրում է չմեկնաբանել որոշումն ու ենթատեքստեր չփնտրել:

Մեկնաբանելով իրեն բերման ենթարկելու որոշումը՝ Գեւորգյանը հումորով նկատեց, որ ինքը ցանկություն չունի պրակտիկա ձեւավորել, քանի որ բերման ենթարկելու անհրաժեշտություն չկա: «Եթե իմ ներկայությունը պարտադիր է, կարող էին ընդմիջում հայտարարել, իմ հետ կապ հաստատել եւ հայտնել, որ դատարանն անհրաժեշտ է համարում մասնակցությունը: Հարգելով դատական գործընթացը՝ ես կկարողանայի գալ: Սակայն ղեկավարվում էին նրանով, որ դատարանը կանի այն, ինչ արեց անցած շաբաթ: Այս իրավիճակում որեւէ սենսացիոն բան չեմ տեսնում»,-ասաց Գեւորգյանը: