Թունիսի հյուսիսում ռեկորդային շոգ է՝ ընդհուպ մինչեւ Ցելսիուսի 49 աստիճան մայրաքաղաքում։ Երկրի որոշ մասերում բարձր ջերմաստիճանը հանգեցրել է էլեկտրականության անջատումների, քանի որ օդորակիչների օգտագործումը ստեղծել է լրացուցիչ ծանրաբեռնվածություն էլեկտրամատակարարման համակարգի համար։

Թունիսի օդերեւութաբանական ինստիտուտը տեղեկացրել է, որ գրանցված նախորդ ամենաբարձր ջերմաստիճանը Թունիսում 46,8-ն էր 1982թ.։ Բիզերտա եւ Բեժա հյուսիսային քաղաքներում նույնպես գրանցվել են բարձր ջերմաստիճաններ, տեղեկացնում է Reuters-ը։

Միջերկրածովյան տարածաշրջանում բարձր ջերմաստիճաններն անցած շաբաթ նպաստել են անտառային հրդեհների բռնկմանը, որոնք համակել են Հունաստանի, Թուրքիայի եւ Թունիսի հարեւան Ալժիրի անտառային շրջանները։

Երեքշաբթի եւ չորեքշաբթի Թունիսի արեւմտյան որոշ լեռնային շրջաններում նույնպես հրդեհներ են սկսվել։