ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաեւին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ եւ ընդգծել է դրանք իրացնելու գարծում Հայաստանի պատրաստակամությունը։ «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաեւը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը։

Ասեթ Ասավբաեւը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի եւ միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը եւ ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաեւ միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության եւ գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաեւ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի եւ Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային եւ ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը եւ «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ տարածաշրջանային երկրների, այդ թվում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է նաեւ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաեւը հանդիպել է նաեւ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կառույցի եւ Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի համագործակցության հետագա ընդլայնմանը, «ՏՐԱՍԵԿԱ»-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաեւ մի կողմից «ՏՐԱՍԵԿԱ»-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջեւ տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի եւ մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։

Ասեթ Ասավբաեւը բարձր է գնահատել Արմեն Սիմոնյանի ջանքերը եւ ներդրումը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի արդյունավետ մասնակցության գործում։ Արմեն Սիմոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ասեթ Ասավբաեւին կառույցի ղեկավարումը ստանձնելուց ի վեր Հայաստանի եւ «ՏՐԱՍԵԿԱ»-ի փոխգործակցության հարցերում կառուցողական եւ պատրաստակամ մոտեցման համար։