Իշխանությունն աննախադեպ ճնշում է գործադրում ԶԼՄ-ների վրա: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, ով նախկին լրագրող է:

«Հայաստանում մամուլը միշտ եղել է ճնշման տակ: ԶԼՄ-ների նկատմամբ ոտնձգություններ են եղել, նույնիսկ ԱԺ պատերի ներսում: Կան բազմաթիվ նման խայտառակ դեպքեր: Սակայն դրանք անհապաղ ստացել են արձագանք, եւ իշխանությունը ստիպված է եղել արձագանքել: Եվ միաժամանակ եղել են ազատ, համարձակ լրագրողներ, որոնք՝ չխախտելով ԱԺ կանոնակարգը, արտահայտել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: ԱԱԾ ոչ մի աշխատակից նրանց դուրս չի հրավիրել ԱԺ-ից»,-հիշեցրեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այժմ սահմանափակումները խայտառակ կերպով ինտենսիվ են դառնում:

«Մենք դարձել ենք աննախադեպ երեւույթների վկան, երբ լրագրողին զրկում են աշխատելու հնարավորությունից: Ընդ որում, ցանկացածը կարող էր հեռախոսով նկարահանել: Մենք բոլորս տեսանք ԱԺ տարածքում հարյուրավոր թիկնապահների, սակայն հավատարմագրումից զրկում են մեկ կոնկրետ լրագրողի: Եվ եթե ես իմ գործընկերների տեղը լինեի, այսօր կբոյկոտեի նիստը»,-ասաց Մանուկյանը:

Նա անդրադարձավ արդարադատության նախարարի հայտարարությանը, ով լրագրողներին համեմատել էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ: «Եթե համեմատում ենք Հունանյանի հետ, պետք է հիշել, որ երկրի գլխավոր դեմքը եւս նախկին լրագրող է»,-նկատեց Մանուկյանը:

«Այժմ իշխանությունը փորձում է էլ ավելի շատ սահմանափակումներ մտցնել, գաղտնի գնումներ կատարել մեկ անձից: «Մանիպուլյացիայի են ենթարկում քաղաքացուն՝ նրան զրկելով մտածելու հնարավորությունից»,-նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ համապատասխան աղբյուրներում խելահեղ վերանագրերը հանցագործություն է հասարակության դեմ: