Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն այսօրվա դրությամբ համարում է վերահսկողության ամենագործուն մեխանիզմը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե հակասում է արդյոք դա օմբուդսմեն եղած ժամանակ ունեցած դիրքորոշմանը, Անդրեասյանը բացասական է պատասխանել. «Իմ դիրքորոշումն այն չէր, որ կարգապահական վարույթի նախաձեռնումը կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելը խնդիր է դատավորների վրա ճնշում գործադրելու հարցում։ Խնդիրն այն է, թե ինչպիսին են կարգապահական վարույթները, ինչ նպատակով, ինչ որակի են եւ ինչ որոշում է ընդունվում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։

Ես կարող եմ ասել, որ այն ժամանակ իմ բարձրացրած խնդիրն այսօր ակտուալ չէ, որովհետեւ այսօր ԲԴԽ-ն գոյություն ունեցող ձեւաչափով սկսել է իրականացնել բավական արդարացի, թափանցիկ հետաքննություններ։ Ժամանակին կարգապահական հետաքննություններն անգամ հրապարակային չէին, մարդիկ չգիտեին։ Գրանցվել է մեծ օրենսդրական առաջընթաց, այսօր բոլորը կարող են հետեւել, թե որքանով են արդար դատում դատավորները։

Մենք բոլորս խոսում ենք դատական համակարգը մաքրելու մասին։ Միակ գործող մեխանիզմն այժմ կարգապահական պատասխանատվության ենթարկելն է։ Դա օրինական է, արդարացի, ճիշտ։ Ես կարծում եմ, որ վարույթներն անգամ քիչ են։ Որոշ դատավորների հանդեպ անգամ չափից ավելի քիչ են։ Բայց պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ համակարգի մաքրումն սկսվել է»,- նշեց Անդրեասյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը նախատեսված է իր հանդիպումը ազդեցիկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են դատաիրավական ոլորտով, արդեն հանդիպել է ԲԴԽ եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկվում է լավագույն մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու համար. «Իսկ այն, որ համակարգը նման զտման կարիք ունի, ոչ մեկի կասկածը չի հարուցում։ Այս մասին խոսում են բոլորը, անգամ նրանք, ովքեր դժգոհ են ինչ-որ կարգավորումներից»։

Մեկնաբանելով ԱԺ-ում լրագրողների հանդեպ սահմանափակումները եւ լրագրողների նրա սեփական համեմատությունը Նաիրի Հունանյանի հետ՝ Կարեն Անդրեասյանը շտապեց հայտարարել, որ երբ ժամանակին խոսում էր կոռումպացված դատավորների մասին, դա չի նշանակում, թե բոլոր դատավորները կոռումպացված են։ «Երբ անցած անգամ ասում էի, որ լրագրողի դիմակի տակ կարող է ահաբեկիչ սողոսկել, դա չի նշանակում, թե ես ասում եմ, թե իբր լրագրողների մեջ ահաբեկիչներ կան։ Ես ոչ մի ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ։ Բայց այն ժամանակ ես խոսում էի անվտանգության հարցերի մասին։ Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ կարող է սահմանափակվել լրագրողի տեղաշարժը։ Չէ՞ որ լրագրողի մասնագիտությունը ենթադրում է, որ հավանաբար նրանից վտանգ չի բխում։ Ես ընդամենը փորձում էի բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման ինֆորմացիայի դեպքում ցանկացած մարդու տեղաշարժը՝ նախարարից մինչեւ լրագրող, բժշկից մինչեւ հավաքարարուհի, կարող է սահմանափակվել։ Ասեմ ավելին։ Ես՝ որպես նախարար, այցելում եմ հատուկ պահպանվող օբյեկտներ այնպիսի զննումից հետո, որին նախկինում ոչ մի նախարար չէր ենթարկվել։ Եվ դրանք անվտանգության կանոններն են, որոնք մենք հարգում ենք, մեր տեղաշարժը նույնպես սահմանափակ է»,- ասաց Անդրեասյանը։

Պատասխանելով  ԱԺ-ում իրավիճակի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ շատ է քննարկվել նկարահանման արգելքը, երբ ԱԺ-ում շատ են եղել անվտանգության պահապանները։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի ուղիղ եթերով լուսաբանվի պետական մարմնի աշխատանքը։ Բայց գիտեք, որ կա կանոն, որն արգելում է անվտանգության աշխատակիցների դեմքերի նկարահանումը։ Այդ կանոնի տրամաբանությամբ կարելի է մտածել, թե ինչպես այնպես անել, որպեսզի դեմքերը չերեւան։ Կարելի է պայմանավորվել, օրինակ, եթե բոլոր լրագրողները այդքան էթիկա ունենային, ինչպես մենք ենք սպասում, կա լրագրողների մեծամասնություն, եւ իրավիճակը կարող էր լինել այսպիսին. առանց տեսագրությունն անջատելու վստահ լինել, որ դեմքերը կլինեն փակ, ինչպես արվում է երեխաների դեպքում»,- ասաց Անդրեասյանը։ Հարցի քաղաքական մասը նախարարը նախընտրեց չմեկնաբանել։

Խոսելով կոնկրետ դատավորների կոռումպացվածության մասին նախկինում արված հայտարարության վերաբերյալ՝ Անդրեասյանը պարզաբանեց, որ տեղեկատվությունն իրեն փոխանցվել է որպես մարդու իրավունքների պաշտպանի, եւ ինֆորմացիայի աղբյուրը դեռեւս այն ժամանակ արգելել է իրեն հրապարակավ հիշատակել իրեն կամ փոխանցել իրավապահներին։ «Հակառակ դեպքում ես արդեն այն ժամանակ տեղեկությունները կփոխանցեի իրավապահներին։ Մարդիկ ինձ վստահել են, բայց վախեցել են իրավապահներից՝ կարծելով, որ նրանցից ոմանք կապված են այդ նույն կոռումպացված դատավորների եւ ուրիշների հետ»,- պարզաբանեց նախարարը։ Նրա խոսքով՝ ինֆորմացիայի աղբյուրների հետ եղել է գրավոր պայմանավորվածություն նրանց չբացահայտելու մասին։ Հրապարակելու թույլտվություններ ես չեմ ստացել, ասաց Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ պետք է անել կոռումպացված դատավորների հետ, ապա նախարարը կրկնեց միտքն այն մասին, որ կարգապահական վարույթը այսօր առավել գործուն մեթոդն է. «Իհարկե, կքննարկենք գործընկերների հետ նաեւ այլ հնարավորություններ»։

Հարցին, թե ինչպես է համադրվում կոռումպացվածության մասին տեղեկությունն այն բանի հետ, որ դատավորը կարող է առիթ չտալ կարգապահական վարույթի համար, Անդրեասյանը վիճակագրություն ներկայացրեց։ «Մարտի 1-ի գործով չեմ ասի, թե այդ դատավորները վատն էին կամ լավը, 24 դատավորից, Վերաքննիչից մինչեւ առաջին ատյանի դատարան, համակարգում ներկա պահին մնացել է 12-ը։ Այսինքն՝ տեղի է ունեցել տարօրինակ զտում, ազատում այն դատավորներից, որոնք ընդունել են կասկածելի վճիռներ։ Ինչու եմ ասում կասկածելի. ՄԻԵԴ-ը արդեն ընդունել է որոշումներ այն մասին, որ այդ վճիռները արդարացի չէին։ Հետեւաբար, դուք կարող եք հետեւել ինքնընթաց զտմանը։ Կոռումպացված, անգրագետ դատավորը իմ զեկույցից հետո էլ շարունակում էր սխալներ եւ հանցագործություններ թույլ տալ։ Օրենսդրությունը թույլ է տալիս ինձ 8 տարով հետ գնալ եւ վարույթ հարուցել այն ժամանակվա խախտումների եւ սխալների համար։ Դա հենց այն շրջանն է, որից ես սկսել եմ իմ զեկույցը։ Այնպես որ, ես շնորհակալ եմ իմ նախորդներին, հատկապես պարոն Բադասյանին, օրենսդրական ժառանգության համար, որը թույլ է տալիս շարունակել 2013թ. կիսատ թողնված իմ աշխատանքը»,- ասաց Անդրեասյանը։

Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Անդրեասյանի հիշատակած Մարտի 1-ի գործով դատախազ Լիլիթ Թադեւոսյանը այժմ Վճռաբեկ դատարանի ղեկավարն է, նախարարն ասաց, որ նրան ճանաչում է որպես գրագետ եւ կարգին իրավաբան. «Եթե երբեւէ հայտնի դառնա նրա խախտումների մասին, մենք կառաջնորդվենք այդ նույն  ներկայացված սկզբունքներով։ Բայց ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը տիկին Թադեւոսյանի հետ արդյունավետ կլինի, եւ մենք կկարողանանք ուսումնասիրել այս եւ այլ գործեր ու վերականգնել պատմական արդարությունը, հատկապես դատական համակարգի միջոցով։ Դատախազության համակարգի վերաբերյալ ասեմ մի բառով՝ վերջին շրջանում այն գործում է գրագետ, տեղեկություններ չենք ստանում կոռուպցիայի եւ այլ բացասական երեւույթների մասին։ Դա հուսադրում է, որ հիմնական համակարգերն սկսում են ինքնամաքրվել»։