ԱՄՆ ՌՕՈւ չորս ուղղաթիռ դեսանտ է իջեցրել սիրիական Դեյր էզ Զոր նահանգի արեւելքում գտնվող Էլ Մուհայմիդ բնակավայրի մոտ։ Ամերիկացի զինծառայողները գրոհել են տներից մեկը, որտեղ թաքնվում էին ահաբեկիչները, եւ գերի են վերցրել մեկ գրոհայինի, որին տարել են իրենց հետ։ Թողնելով բնակավայրը՝ դեսանտայինները պայթեցրել են կառույցը, տեղեկացնում է SANA գործակալությունը։

ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել Էլ Մուհայմիդում իրականացված գործողությունը։

Ամերիկյան զինվորականները վերջին անգամ դեսանտ իջեցրել էին փետրվարին Էլ Բագուզում՝ Եփրատի արեւելյան ափին, այն ժամանակ գերի էր վերցվել երեք մարդ։