Առաջինը ՀԱՊԿ-ի շրջանակում արձագանքել իմաստ չունի, նախ պետք է հասկանալ՝ ինչ են մտածում անդամ պետությունները և, մասնավորապես, Ռուսաստանը, բայց եթե դիրքորոշումն այնպիսին լինի, որ մնացած մյուս անդամ երկրները հակված լինեն ինչ-որ քայլերի դիմել, ճիշտ չի լինի, որ Հայաստանը նեղացածի կերպար ընդունի և փորձի դեմ հանդես գալ հնարավոր նախաձեռնություններին: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Աֆղանստանում տալիբների՝ իշխանությունը վերցնելուց հետո ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հնարավոր գործողություններին և դրանց առնչությամբ Հայաստանի հնարավոր վարքագծին:

«Բնականաբար, Կենտրոնական Ասիայի երկրները, Ռուսաստանը հակված կլինեն քայլեր ձեռնարկել, իսկ հաշվի առնելով նախորդ տարվա նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ստեղծված իրավիճակը, ենթադրում եմ՝ վերջինը նույնպես կփորձի Ռուսաստանի ուղեծրում մնալ: Այդ պարագայում խորհուրդ չէի տա, որ Հայաստանն ասի՝ դե, գիտեք ինչ, որ դուք մեզ չօգնեցիք և մեր խնդիրը սահմանային միջադեպ համարեցիք, մենք էլ ձեր խնդիրը սահմանային միջադեպ կորակենք: Նախ և առաջ պետք է հասկանալ՝ Տաջիկստանն առհասարակ կդիմի՞ ՀԱՊԿ-ին, թե ոչ, եթե դիմի, ապա ո՞ր հոդվածով և ի՞նչ է նախատեսելու այդ դեպքում ՀԱՊԿ  կանոնադրությունը: Հայաստանը կառույցին ոչ թե 4-րդ հոդվածով դիմեց, որը ենթադրում էր պետության վրա հարձակման դեպքում ռազմական օգնության ցուցաբերում, այլ 2-րդ՝ խորհրդատվություններ սկսելու հոդվածով: Կարծում եմ՝ Տաջիկստանն էլ այդ հոդվածով կդիմի, որովհետև առայժմ ոչ ոք իրենց սահմանին գործողություններ չի ձեռնարկում: Եթե Տաջիկստանը դիմի ՀԱՊԿ-ին խորհրդակցություններ կազմակերպելու համար, ապա Հայաստանը պետք է մասնակցի դրանց: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի նեղացածի կեցվածք ընդունել և փորձել դեմ հանդես գալ նման գործընթացներին»,- նկատեց քաղաքագետը:

Պողոսյանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում հնարավոր գործընթացներին դեմ արտահայտվի, դա որևէ օգուտ չի տալու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հանգուցալուծմանը:

«Որևէ բան այդ առումով չենք շահի, իսկ կորցնելու իմաստով՝ Ռուսաստանի մոտ որոշակի դժգոհություն կարող է դա հարուցել: Այսինքն, կամ մենք ոչինչ չենք շահի և ոչինչ չենք կորցնի, որից «ոչինչ չշահելը» հաստատ է, իսկ Ռուսաստանի հետ հավելյալ խնդիր ձեռք բերելը՝ ևս հավանական է: Այդ դեպքում ինչու՞անել մի քայլ, որից Հայաստանը որևէ բան չի շահելու, բայց խնդիրներ կարող են առաջանալ, ուստի տրամաբանական է չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են նոր խնդիրների հանգեցնել»,- նկտեց Պողոսյանը: