Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հանդեպ քրեական հետապնդումը շարունակելու անհնարինությունը քննարկելու մասին։ Համապատասխան բանավոր միջնորդությունը փաստաբանը ներկայացրել է օգոստոսի 17-ի նիստում։

Միջնորդությունն ինքնաբուխ է ստացվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ քանի որ ավելի վաղ ինքը՝ փաստաբանը, հիշատակել էր «Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ-ին դիմելու մասին քրեական հետապնդման հետեւողականության հարցով՝ պատգամավորական անձեռնմխելիության դեպքում, դատարանը կսպասի ՍԴ որոշմանը եւ չի քննարկի հարցը։

«Արդյո՞ք ճիշտ հասկացա, որ դուք պատրաստ էիք ուսումնասիրել հարցը։ Եթե դատարանը դրա մեջ խնդիր է տեսնում, դա չպետք է կապվի դաշինքի կողմից ՍԴ դիմելու հետ։ Եթե դատարանը դա չի դիտարկում սեփական նախաձեռնությամբ, ապա ես պատրաստ եմ միջնորդություն ներկայացնել»,- ասել է Ալեքսանյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը պարզություն մտցրեց ՍԴ դիմելու հարցում. «Խոսքը այլ բանի մասին էր։ Երբ դատախազությունը պնդում էր, որ ԿԸՀ-ն հաղթահարի դաշինքի երկու պատգամավորների անձեռնմխելիությունը։ Գուցե փաստաբանը դա նկատի ուներ։ Երկու քաղաքապետ, դաշինքից պատգամավոր ընտրված, ձերբակալված է, եւ պնդվում է, որ ԿԸՀ-ն հաղթահարել է անձեռնմխելիությունը, եւ ԱԺ գնալու կարիք չկա։ Խոսքը դրա սահմանադրականության մասին է։ Այլ քննարկում «Հայաստան» դաշինքում չի եղել»։

Ստանալով դատավորի համաձայնությունը՝ փաստաբանը ներկայացրեց միջնորդություն, որի բովանդակությունը հանգում էր այն բանին, որ քրեական հետապնդումը անձեռնմխելիության շրջանում չի կարող իրականացվել առանց դրա հաղթահարման։

Քանի որ օրենսդրությունը չի կիսում պատգամավոր առաջադրվելուց առաջ կամ հետո սկսված քրեական հետապնդումը, փաստաբանը միջնորդեց Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ հարցը պարզելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրությամբ ժողովրդի ընտրյալի անձեռնմխելիությունը կարող է խախտել միայն խորհրդարանը դատախազության ներկայացմամբ։

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ եթե հետագայում դատարանը մեղադրական որոշում կայացնի Գեւորգյանի հանդեպ, դա կհակասի պատգամավորական անձեռնմխելիություն նախատեսող օրենքին։ Հետեւաբար, դատարանը պետք է դիմի ՍԴ, ընդ որում՝ դա պետք է արվի անհապաղ։

Ռոբերտ Քոչարյանը նորից պարզաբանեց, որ Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության հարցը խմբակցության նիստերի ժամանակ չի քննարկվել։ «Ես պարզապես հարցրել եմ Վարդեւանյանին երկու քաղաքապետերի հետ կապված իրավիճակի մասին։ Նա ասել է, որ միակ ճանապարհը ՍԴ դիմելն է։ Այս է ամբողջը»։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը կարծում է, որ օրենսդրությունը հնարավորինս հստակ ներկայացնում է, որ քրեական հետապնդումը չի կարող հարուցվել առանց խորհրդարանի համաձայնության։ Մնացած դեպքերում սահմանափակումներ չկան, ասաց Պետրոսյանը։ Նույնը վերաբերում է ազատության սահմանափակմանը։ «Այսինքն, երբ անձի հանդեպ արդեն իրականացվում է քրեական հետապնդում, ԱԺ դիմելու եւ անձեռնմխելիության հարցի քննարկման կարիք չկա»,- ասաց դատախազը՝ միջնորդությունը բնորոշելով որպես միջնորդություն Սահանադրությանը հակասող սահմանադրական բացի մասին։ Դատախազի կարծիքով՝ ՍԴ դիմելու հիմքեր չկան։

Կողմերին լսելով՝ դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանին այնքան էլ պարզ չէ, թե ինչ հարցով է արդեն դիմում կատարվել ՍԴ-ին։ Դա պարզելու համար նիստը հետաձգվեց։ Արմեն Գեւորգյանը խնդրեց նիստը չնշանակել ԱԺ նիստի հետ նույն օրը, մանավանդ որ դատարանն անցած անգամ իր բացակայությունը հարգելի չէր համարել։ Նրա խոսքով՝ չի բացառվում, որ օգոստոսի 24-ին կքննարկվի կառավարության ծրագիրը, վաղը նույնպես նիստ է նախատեսված։ Դատավորը հայտարարեց, որ Գեւորգյանը կարող է մի քանի ժամ բացակայել ԱԺ նիստից եւ առաջարկեց հետաձգել հնարավոր ելույթը ԱԺ-ում։ Գեւորգյանը ստիպված եղավ հիշեցնել, որ այսօր էլ իրեն դժվարությամբ է հաջողվել բացակայել։

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 13.00-ին։