Մենք կարեւորում ենք, որ ունենանք զարգացող եւ հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, բնականոն կյանքն ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ եւ ներառական տնտեսությունը։ Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական եւ հակահամաճարակային արդյունավետ համակարգտերի գոյությունը ներքին անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մինչեւ 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են՝ համախառն ներքին արդյունքի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում 9 տոկոս, ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել համախառն ներքին արդյունքի 25 տոկոսի, 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովել։

Հիշեցնենք՝ դեռեւս ապրիլին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ եթե մինչեւ տարվա վերջ մենք երկնիշ տնտեսական աճ չունենանք, ապա ինքը հրաժարականը կտա։ Փաստացի, կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ տարվա վերջում նպատակ է դրվել ունենալ 7 տոկոս տնտեսական աճ։ Ստացվում է, որ Քերոբյանը պետք է պատրաստվի հրաժարական ներկայացնելուն։