Սարսափելի լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս բարբարոսական իրականությունը Աֆղանստանում`թալիբների կողմից գրավվելուց հետո: Կանայք եւ երեխաները վիրավոր են, իսկ զինյալները պարեկություն են իրականցնում փողոցներում, եւ այս ամենը թալիբների՝ ավելի խաղաղ ռեժիմ հաստատելու խոստման ֆոնին, գրել է NYP-ն:

Ցնցող տեսարանները, որոնք նկարահանվել են Աֆղանստանում այն ​​օրը, երբ թալիբների ներկայացուցիչը խոստանում էր խաղաղություն եւ «ներառական իսլամական կառավարություն», ցույց են տալիս, որ զինյալները օդ են կրակում հզոր զենքով եւ անխտիր ծեծում անցորդներին:

Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նաեւ երեւում է, թե ինչպես են զինված խմբերը հետապնդում մարդկանց, իսկ մյուսները պարեկություն են իրականացնում տանիքներին:

Los Angeles Times-ի լուսանկարներից մեկում մի կին, ըստ երեւույթին, անգիտակից վիճակում ու արյունոտված գլխով ընկած է Քաբուլի օդանավակայանի դիմաց, իսկ վիրավոր երեխային տանում են ձեռքերի վրա:

Մեկ այլ լուսանկարում երեւում է օդանավակայանի մոտ անգիտակից ընկած մի կին, որին երկու տղամարդիկ բարձրացնում են գետնից:

Եվ այս ամենն այն դեպքում, երբ թալիբները խոստացել են «անվտանգ անցում» նրանց համար, ովքեր կփորձեն լքել երկիրը: Ըստ Los Angeles Times-ի ֆոտոլրագրողի՝ իրականում զինյալները անխտիր օդ են կրակել, իսկ երբեմն նույնիսկ անօգնական աֆղանստանցիների բազմության ուղղությամբ:

Նրանք նաեւ փայտեր, ռետինե խողովակների մասեր եւ հրացանի կոթեր են օգտագործել ամբոխին ծեծելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր պարզապես կուչ էին եկել գետնին՝ փորձելով խուսափել զինյալների հետ բախումից:

Մեկ այլ լուսանկարում ջախջախված դեմքով տղամարդը կապված է բեռնատարի թափքին, ինչպես անցյալ շաբաթվա տեսարաններում, երբ արյունոտ դեմքով երկու տղամարդու վզներին պարանով քարշ են տալիս փողոցներով:

Այլ հաղորդագրություններում հաստատվում է, որ «Թալիբան»-ի գրոհայինները խուզարկում են աֆղանական գյուղերը՝ փնտրելով 15 տարեկան աղջիկների, որպեսզի ամուսնանան նրանց հետ, ինչպես նաեւ անցնում են տնետուն՝ փնտրելով ամերիկացիների հետ աշխատած աֆղանցիների:

Այս տագնապալի հաղորդագրությունները ստացվել են նույնիսկ այն օրը, երբ թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը խոստացավ, որ ռեժիմը «դրականորեն կտարբերվի» այն դաժանությունից, որով հայտնի էր մինչ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ ներխուժումը: