ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բյորնսն Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին նախազգուշացրել է Իսրայելում չինական ներդրումների վտանգների մասին, հատկապես՝ ՏՏ ոլորտում եւ ենթակառուցվածքային խոշոր նախագծերում, հաղորդում է Axios-ը:

Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն նախազգուշացրել էր, որ Չինաստանի հետագա ներգրավումը խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին է Հայֆայի նոր նավահանգիստը, կարող է վնասել ԱՄՆ-Իսրայելի անվտանգության հարաբերություններին, սակայն Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն առաջնահերթություն տվեց այդ նախագծերին:

Իսրայելի ներկայիս վարչապետ Բենեթը Բյորնսին ասել է, որ Իսրայելը հասկանում է Ամերիկայի մտահոգությունները:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է, որ Իսրայելը «երկխոսություն է սկսել Բայդենի վարչակազմի հետ Չինաստանի հարցով»: «ԱՄՆ-ն հարցրեց կոնկրետ նախագծերի մասին, օրինակ՝ Չինաստանի մասնակցության Թել Ավիվի մետրոյի կառուցման մեջ: Մենք ամերիկացիներին ասացինք, որ ողջունում ենք ամերիկյան ենթակառուցվածքային ընկերություններին, որոնք աշխատում են Իսրայելում խոշոր նախագծերի վրա, սակայն դրանք չեն մասնակցում մրցույթներին»:

Սպասվում է, որ Իսրայելն առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի հետ լրացուցիչ բանակցություններ կվարի այս հարցի շուրջ: