Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ռուս բնակչության վերաբերյալ որպես ազգամիջյան թշնամանք հրահրող է գնահատում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի հունգարական Magyar Nemzet թերթում հրապարակված հարցազրույցում:

«Հիշեցնեմ, որ օգոստոսի սկզբին Տարաս Կրեմինը, ով լիազորված էր պաշտպանել պետական ​​լեզուն, Ուկրաինայի բոլոր ոչ ուկրաինալեզու բնակիչներին առաջարկել էր հեռանալ երկրից: Օգոստոսի 5-ին հրապարակված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին ռուսներին խորհուրդ էր տվել «հեռանալ եւ իրենց տեղը փնտրել Ռուսաստանում»: Մենք նման հայտարարություններն ազգամիջյան թշնամանքի հրահրում ենք համարում: Ի դեպ, Եվրամիության երկրներում դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված»,- նշեց դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը:

Նախարարն ընդգծեց, որ Կիեւի` «Ուկրաինայում ազգային անհանդուրժողականության գաղափարախոսության արմատավորմանն ուղղված գործողությունները, առաջին հերթին՝ ռուսների նկատմամբ», Մոսկվան որպես «բացարձակ անընդունելի» է որակում:

Ավելի վաղ Զելենսկին «Դոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Դոնբասում մնալը մեծ սխալ էր անվանել իրենց ռուս համարող քաղաքացիների համար եւ նրանց խորհուրդ էր տվել գնալ Ռուսաստան: Նրա խոսքով` Դոնբասը «երբեք ռուսական տարածք չի լինի», իսկ «առանց Ուկրաինայի քաղաքակրթություն չի լինի»: