Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները երկուշաբթի մասնակցում են Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

Նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այն անցկացնելու որոշումն ընդունվել է Աֆղանստանում վերջին իրադարձությունների ֆոնին: Հանդիպման օրակարգում ներառված են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման հարցեր Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Երկրների ղեկավարները քննարկում են նաեւ արդյունավետ համատեղ արձագանքը հնարավոր անդրսահմանային մարտահրավերներին եւ սպառնալիքներին:

Աֆղանստանում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում օպերացիան դադարեցնելու իր որոշման մասին: Դրանից հետո «Թալիբան» շարժման գրոհայիններն օգոստոսի 15-ին լիակատար վերահսկողություն հաստատեցին Քաբուլի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց երկրի ղեկավարի պաշտոնից եւ լքեց երկիրը: