Մոսկվան Ուկրաինայում բացված, այսպես կոչված, «Ղրիմի հարթակ» համաժողովը գնահատում է  որպես Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով միջոցառումը մեկնաբանելու խնդրանքին, որի հիմնական ուղերձը, ըստ նրա, Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելուց հրաժարվելն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այս միջոցառումը համարում ենք ծայրահեղ ոչ բարեկամական մեր երկրի նկատմամբ: Մենք կտրականապես չենք ընդունում նման հայտարարությունները՝ կապված ռուսական տարածաշրջանի, կապված Ղրիմի հետ: Այս առումով վերաբերմունքը բացարձակապես միանշանակ է՝ դրան վերաբերվում ենք որպես հակառուսական միջոցառման»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ներուկրաինական կարգավորման հարցում դեռ կարելի է արձանագրել առաջընթացի բացակայություն, իսկ որոշ չափորոշիչներով՝ նաեւ իրավիճակի դեգրադացիա, ասել է Պեսկովը: «Ինչ վերաբերում է «նորմանդական քառյակի» գագաթաժողովին, բոլորը ցանկանում են այն անցկացնել այնպես, որ դա ծանրակշիռ քայլ դառնա ներուկրաինական կարգավորման ճանապարհին: Բայց գագաթաժողով անցկացնելու համար անհրաժեշտ է ինչ-որ իմաստալից բովանդակություն, սակայն այն նախկինի պես բացակայում է»,- ասել է նա: