Օգոստոսի 24 -ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, իսկ այժմ  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական ​​նիստը:

Նախորդ դատական ​​նիստին Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Սահմանադրական դատարանին` պարզաբանելու իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու հարցը: Բանն այն է, որ օրենսդրությունը սպառիչ պատասխան չի տալիս այն հարցին` արդյո՞ք պատգամավորական անձեռնմխելիությունը կարող է «ինքնաբերաբար» հաղթահարվել, եթե քրեական հետապնդում սկսվել է մինչեւ պատգամավորի կարգավիճակ ստանալը, կամ գլխավոր դատախազը պարտավոր է հայցել ԱԺ համաձայնությունը: 

Նմանատիպ, բայց ոչ նույն իրավիճակը, «Հայաստան» դաշինքի երկու այլ պատգամավորների դեպքում է, նրանց մասով դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի դեպքում օրենքի պահանջը շրջանցվել էր, քանի որ խորհրդարանը դեռ չէր սկսել աշխատանքը, եւ ԿԸՀ-ն փաստացի ստանձնեց դրա դերը՝ թույլ տալով ձերբակալել պատգամավորներին:

Գեւորգյանի դեպքում ստացվում է, որ քրեական հետապնդումն իրոք սկսվել էր մինչեւ պատգամավորական մանդատը ստանալը եւ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար ընտրվելը, սակայն ժողովրդի ընտրյալի կարգավիճակը փոխում է իրավիճակը. դատարանը անընդհատ նիստեր է նշանակում այն նույն ժամանակ, երբ ԱԺ-ն նիստեր է անցկացնում եւ պահանջում է Գեւորգյանի ներկայությունը` «անհարգալից» բացակայության դեպքում սպառնալով պատժամիջոցներով: Այսօր, օրինակ, Գեւորգյանը ստիպված կլինի «զոհաբերել» մասնակցությունը կառավարության ծրագրի քննարկմանը` հանուն մասնակցության դատական ​​նիստին: