Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը Սպիտակ տուն կատարելիք իր առաջին այցի ընթացքում նախատեսում է առաջ մղել Իրանի հարցով նոր ռազմավարությունը: Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կհորդորի չերկարաձգել Թեհրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքը:

Բայդենի օգնականները հույս ունեն, որ բանակցությունները դրական երանգ կտան Բենեթի հետ նրա հարաբերություններին:

Այցը ԱՄՆ-ի վարչակազմին հնարավորություն է ընձեռում ցուցադրել իր սովորական աշխատանքը Մերձավոր Արեւելքի իր ամենամոտ դաշնակցի հետ, քանի դեռ նա պայքարում է Աֆղանստանում տիրող քաոսային իրավիճակի դեմ:

Բանակցությունները կլինեն համեմատաբար զուսպ: Սպասվում է, որ երկու առաջնորդները Օվալաձեւ սենյակում բանակցությունների ընթացքում հակիրճ ելույթ կունենան լրագրողների փոքր խմբի առջեւ, սակայն համատեղ մամուլի ասուլիս չի լինի, հաղորդում է Reuters-ը:

«Իրանն արագորեն գնում է ուրանի հարստացման ուղղությամբ եւ արդեն զգալիորեն կրճատել է միջուկային ռումբի համար նյութեր կուտակելու ժամանակը»,- ասել է Նաֆթալի Բենեթը: Նրա խոսքով՝ ինքը Բայդենին կասի. «Եկել է իրանցիներին կանգնեցնելու ժամանակը, այլ ոչ թե նրանց փրկօղակ տալու՝ միջուկային գործարքի մեջ կրկին մտնելու տեսքով»։

ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Բայդենի վարչակազմին գործարքի երկարաձգումը դադարեցնելու Բենեթի սպասելի կոչերը դժվար թե պտուղներ տան:

Բենեթն իր կաբինետին ասել է, որ Բայդենին կներկայացնի «կանոնավոր ծրագիր, որը մենք կազմել ենք վերջին երկու ամսվա ընթացքում, որպեսզի իրանցիներին զսպենք ինչպես միջուկային ոլորտում, այնպես էլ տարածաշրջանային ագրեսիայի հարցում»: