Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech), Կանզասի պետական ​​համալսարանի (ԱՄՆ) եւ Գրենոբլի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ գիտնականներ պարզել են, որ մրջյուններն իրենց բները կառուցում են ֆիզիկայի օրենքների համաձայն, հաղորդել է Planet-today-ը՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ը:

Մրջյունները այն սակավաթիվ միջատներից են, որոնց գործողությունները խիստ համակարգված են: Գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե ինչպես են դրանք կարողանում կառուցել անցումների բարդ ճյուղավորված համակարգեր եւ առանձին սենյակներ՝ խուսափելով փլուզումներից:  

Դրա համար կիրառվել է մրջնաբնի՝ ռենտգենյան ճառագայթով զննում: Մրջյուններին տեղավորել են հատուկ տարաներում, եւ դրանք սկսել են թունել փորել տարայի պատերի մոտ՝ այդպիսով ընտրելով առաջ գնալու եւ կառուցելու ավելի հեշտ ճանապարհ:

Գիտնականները պարզել են, որ մրջնաբույնում մրջյունների կողմից անցումների կառուցումը ենթակա է ֆիզիկայի օրենքներին: Դա պայմանավորված է նրանով, որ շինարարության համար նրանք օգտագործում են միայն կոշտ հատիկներ եւ ստեղծում են մի տեսակ պաշտպանիչ կամար, որի չափը շատ ավելի մեծ է, քան բուն աշխատանքային նյութը: Պարզվել է՝ այդ կառույցը շատ ամուր է, ինչը, ըստ երեւույթին, պաշտպանում է մրջնաբույնը փլուզումից:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս տեխնոլոգիաները կարող են կիրառվել կյանքում՝ մետրոյի թունելներ կառուցելիս կամ հողային աշխատանքների ընթացքում: