ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է այսօր ԱԺ–ում տեղի ունեցած բռնությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Շատ տարբեր իրավիճակներ, որոնց մենք ականատես եղանք, հիմա քննարկման առարկա ենք դարձրել եւ որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար։ Մասնավորապես, ես համարում եմ, որ նման իրավիճակներում անընդունելի է, երբ լրագրողներին օթյակից հանում են։ Ես քննարկել եմ գործընկերներիս հետ եւ ամենայն հավանականությամբ նման իրավիճակի դեպքում, մենք  որեւէ ձեւով  լրագրողներին չպետք է այնտեղից հանենք, չնայած կա մտավախություն, որ դա կարող է անվտանգությանը սպառնալ, բացի այդ կա կարծիք, որ ճիշտ չէ, երբ մարդուն հարվածելու լուսանկարը կամ տեսանյութը հրապարակվում է, որպեսզի նրանց արժանապտավության  եւ բարի համաբավին որեւէ մեկը չկարողաա վնաս հասցնել»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նշեց, թե լրագրողները ԱԺ նիստերի դալիճ մտնելու իրավունք չունեն, բայց նման դեպքեր եղել են։ 

Լրագրողը հիշեցրեց՝ տարիներ առաջ ինչ–որ միջադեպի ժամանակ, լրագրողները ներս են մտել ԱԺ նիստերի դալիճ, եւ «Ելք» խմբակցությունը, որը պայքարում էր իշխանության համար, դեմ չէր եղել դրան եւ ավելին այդ խմբակցության պատգամավորները դահլիճում հարցազրույցներ էին տվել, իսկ այսօր իշխող ուժի որոշ պատգամավորներ արդեն հրում են լրագրողներին։

Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին, թե ինչ որակում կտա այն իշխանությանը, որի ժամանակ «հայրենիքի դավաճանները» ազատության մեջ։ «Դա ԱԺ գործառույթի հետ կապ չունի։ Ես եկել եմ այստեղ խոսելու այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր։ Ես հիմա որակումներ տալու հարցում սահմանափակված եմ»,– ասաց ԱԺ նախագահը։

Նշենք, որ ԱԺ–ում այսօր տեղի ունեցած միջադեպը սկսվեց ՔՊ–ական Հայկ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե «Այն պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են»։ 

Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվեցին նաեւ, թե ՔՊ–ում չկա՞ն պատգամավորներ, որոնք գումարով ազատվել են բանակից  եւ հիմա էլ հայտարարում են, որ ուրիշների օրոք մարդիկ բանակից ազատվել են։

«Ես չգիտեմ՝ կա, թե չկա։ Օրինակ, ես առողջական խնդիրներ եմ ունեցել եւ իմ սեփական դիմումի հիման վրա  գնացել եմ բանակ»,– ասաց ԱԺ նախագահը։