Օգոստոսի 24-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։

NEWS.am-ին FPWC թիմից հայտնում են, որ պարզվել է՝ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ եւ նրան հարկավոր է օգնություն։

Հիմնադրամի մասնագետները հատուկ հեռահար թմրեցնող սարքի միջոցով քնեցրել են կենդանուն եւ տեղափոխել անվտանգ վայր։ Գորշ արջն ուշքի գալով վերադարձել է վայրի բնություն։ Տեղում աշխատել են FPWC թիմի անդամները, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ՝ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ընդգծենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է եւ ունի հատուկ պահպանության կարիք։ Գորշ արջի որսն արգելված է, ինքնաշեն կամ այլ թակարդներ տեղադրելը նույնպես անթույլատրելի է եւ նախատեսում է պատասխանատվություն։

FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար եւ հիշեցնում՝ վայրի կենդանու տեղը վայրի բնության մեջ է։