Բանակցողներից մեկի հետ զրույցի ընթացքում ես տեղեկացա, որ եռակողմ բանակցություններն ընթանում են դրական ուղղությամբ, իսկ մինչեւ երեկո խնդիրը կհարթվի ու ճանապարհը կբացվի: Այս մասին օգոստոսի 26-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ երեկ ադրբեջանցիները փակել են ճանապարհի մի հատված «վիճելի տարածքներում», որոնք, ըստ խորհրդային քարտեզների, իրենցն է: «Այս ուղղություններով նրանք փակել են ճանապարհը կամ «Ուրալ»-ով, կամ այլ ավտոմեքենայով: Այս պահին ճանապարհի այդ հատվածը շարունակում է փակ մնալ»,- ասաց պատգամավորը:
Նարեկ Ղահրամանյանը պարզաբանեց, որ ադրբեջանցիները նշում են, որ իբր հայ զինծառայողները վիրավորել են իրենց զինծառայողին:
«Սակայն, որքանով ես տեղյակ եմ, հայ սահմանապահներն իրենց հետ սվին դանակ չունեն: Այս գործողություններն ուղղված են ճնշում գործադրելուն եւ լարվածության աճին, սակայն դա ապարդյուն է: Ուզում եմ հերքել այն շրջանառված տեղեկությունները, թե եղել են կրակահերթեր, նույնիսկ զոհեր եւ վիրավորներ կան, նման բան չկա։ Սխալ են նաեւ այն տեղեկությունները, թե գյուղերը տարհանվում են: Ես խոսել եմ մարզպետի, նրա տեղակալի, բնակչության հետ, նման բան չկա»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ Գորիս-Որոտան ճանապարհի հատվածն էլ է փակված, ապա այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ տեղեկություններ չունի:
Հիշեցնենք, որ երեկվանից ադրբեջանական կողմը փակել էր Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Հաղորդվում է, որ փակ է նաեւ Գորիս-Որոտան ճանապարհը: