Երեկ գիշերվանից փակ՝ Գորիս–Կապան ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Այս պահին չեն ընթանում, բայց բանակցություններ սպասվում են այսօր»,– նշեց նա։ 

Քաղաքապետի խոսքով՝ այժմ Կապանից Գորիս գնալու համար Տաթև–Կապան գրունտային ճանապարհն է օգտագործվում, որի որոշ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները, քաղաքապետի խոսքով, նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։