ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Լուիզիանայում «Իդա» փոթորկի պատճառով տարերային աղետի մասին եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել տուժածներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տանը:

«Այսօր նախագահ Ջոզեֆ Բայդեն-կրտսերը հայտարարեց Լուիզիանա նահանգում խոշոր տարերային աղետի մասին եւ կարգադրեց դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի լրումն նահանգային եւ տեղական իշխանությունների կողմից վերականգնողական գործողությունների՝ «Իդա» փոթորկից տուժած տարածքներում, որը սկսվել է 2021թ․ օգոստոսի 26-ին եւ շարունակվում է»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Դաշնային օգնությունը կներառի աղետից հետո վերականգնման գործում քաղաքացիներին աջակցելու ծրագրեր, այդ թվում՝ ժամանակավոր բնակարանների եւ տան վերանորոգման համար դրամաշնորհներ:

Փոթորիկը, որը հնարավոր հինգից երկրորդ կարգավիճակ ունի, կիրակի օրը վրա է հասել Լուիզիանայի ափին եւ մոլեգնում է նահանգում, որտեղ քամու արագությունը գերազանցում է ժամում 165 կիլոմետրը: Նոր Օռլեան խոշոր քաղաքը, ըստ տեղական իշխանությունների, փոթորկի պատճառով ամբողջությամբ հոսանքազրկվել է: Առանձին հաղորդվում է աղետի հետեւանքով մահվան մեկ դեպքի մասին: