Պենտագոնը նախազգուշացրել է Քաբուլի օդանավակայանում նոր հարձակումների «իրական» եւ «կոնկրետ» սպառնալիքի մասին՝ Աֆղանստանից ամերկյան ուժերի դուրսբերումն ավարտի վերջնաժամկետից ընդամենը ժամեր առաջ:

Ներկայումս ամերիկյան ուժերը զբաղվում են ամերիկացի զինվորականների եւ դիվանագետների անվտանգ տարհանմամբ:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ այժմ «հատկապես վտանգավոր ժամանակաշրջան է»: «Սպառնալիքների հոսքը դեռ իրական է, այն դեռ ակտիվ է եւ շատ դեպքերում դեռեւս կոնկրետ է», - ասել է նա: Քիրբիի խոսքով՝ դեռեւս ուշ չէ մնացած բոլոր ամերիկացիների՝ Քաբուլի օդանավակայան հասնելու եւ տարհանման համար:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շփվում է թալիբների հետ տարհանման առաքելության վերաբերյալ: «Տեղում գտնվող մեր հրամանատարները շփվում են «Թալիբան» շարժման առաջնորդների հետ՝ հակամարտությունները լուծելու եւ սխալ հաշվարկներն ու թյուրըմբռնումները կանխելու համար, եւ մինչ այժմ այդ կապն արդյունավետ է եղել», - ասել է Քիրբին: