ԱԺ-ում լրագրողների աշխատանքների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը շեշտեց, որ որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար. «Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողներին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ասաց նա:

Նունե Հովսեփյանը նշեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ: «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշում լրագրողներին, ավելի բիրտ ուժ են կիրառել:

Մյուս կարևոր խնդիրը անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաճախ լրագրողները պետական մարմինների մոտ ընկալվում են որպես իրենց աշխատանքի խոչընդոտ. «Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են ամուր պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»,- ընդգծեց ՄԻՊ-ի ներկայացուցիչը: