Հնդկաստանը հայտարարում է, որ Աֆղանստանի տարածքը չպետք է օգտագործվի հակահնդկական գործունեության եւ ահաբեկչության համար: Այս մասին հայտարարել է Կատարում Հնդկաստանի դեսպան Դիպակ Միթալը՝ «Թալիբան»-ի բարձրաստիճան առաջնորդ Շեր Մուհամմեդ Աբաս Ստանեկզաիի հետ հանդիպմանը, հաղորդում է հնդկական The Tribune թերթը:

Կողմերը քննարկել են Աֆղանստանում հայտնված Հնդկաստանի քաղաքացիների անվտանգության եւ շուտափույթ վերադարձի, ինչպես նաեւ Աֆղանստանի քաղաքացիների, հատկապես փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ Հնդկաստան մեկնելու հարցեր:

Հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում Հնդկաստանի դեսպանատանը՝ թալիբների խնդրանքով:

Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «Թալիբան»-ի ներկայացուցիչը հավաստիացրել է դեսպանին, որ «այդ հարցերը» դրական լուծում կստանան:

Նշվում է, որ սա երկու կողմերի միջեւ հրապարակավ ճանաչված առաջին շփումն էր ավելի քան երկու տասնամյակում: