Համոզված եմ, որ այսպես կոչված անկլավների հարցը վաղուց է դրված բանակցությունների սեղանին, եւ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը: Այլ հարց է, որ Հայաստանի իշխանություններն այժմ չեն կարող դա իրականացնել, քանի որ կան տարբեր պատճառներ, այդ թվում` ընդդիմության դժգոհությունը: Այս մասին «TALK TIME» հաղորդման եթերում խոսեց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը:

«Սակայն, ինչպես նրանք հայտարարեցին, իրենց «պողպատե» մանդատի շնորհիվ կգնան այս քայլին, քանի որ սահմանների եւ հաղորդակցության ուղիների բացումը տեսականորեն հնարավոր է միայն 1980-ականների խորհրդային քարտեզներով: Սա նշանակում է, որ Վրաստան եւ Հայաստանի հարավ տանող ճանապարհները կհայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո, ինչը կհանգեցնի ոչ թե հաղորդակցությունների ապաշրջափակման, այլ շրջափակման: Մեղրիի հետ կապն արդեն կտրվել է, քանի որ այսօր խնդրահարույց է Գորիսից Կապան եւ Մեղրի գնալը: Այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ: Եթե ​​Տիգրանաշենը նույնպես հանձնեն, կնշանակի, որ Վայոց Ձոր տանող գլխավոր մայրուղին կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույնը կլինի Վրաստան տանող ճանապարհի դեպքում, եթե հանձնվեն Տավուշի մարզի այսպես կոչված անկլավները», - ընդգծեց փորձագետը:

Նա նշեց, որ հայկական կողմն այժմ չի փորձում հետ մղել ադրբեջանցիներին, եւ ստեղծվում է մի իրավիճակ, երբ պայմանները նրանք են թելադրում: Բաքուն գնում է սադրանքների կամ դիմում ինչ-որ գործողությունների, որոնց արդյունքում հայկական կողմը միշտ զիջում է ինչ-որ բան կամ նահանջ է կատարում:

Ըստ նրա՝ սա 44-օրյա պատերազմի հետեւանք է, որի արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային ճարտարապետական համակարգը ամբողջովին ոչնչացավ, այսօր տարածաշրջանում չկա ուժերի հավասարակշռություն, իսկ եթե կա, ապա ամբողջությամբ անցել է ադրբեջանա-թուրքական տանդեմին:

«Պատերազմից անցել է գրեթե մեկ տարի, իսկ հայկական կողմը դեռ որեւէ քայլ չի ձեռնարկել հզորանալու համար: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սահմանային աննշան սադրանքների ու բախումների միջոցով Ադրբեջանը մեզ ստիպում է գնալ զիջումների ու պայմանավորվածությունների: Բացի սահմանների ճանաչումից եւ Արցախյան խնդրից հրաժարումից, Բաքուն հետապնդում է մեկ այլ նպատակ՝ Սյունիքով բացել նրա համար կենսական նշանակություն ունեցող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Դրան է ուղղված ադրբեջանական կողմի ողջ պայքարը: Այն, որ Փաշինյանը որոշ գյուղեր ադրբեջանական անվանումներով կոչեց, նույնպես պայմանավորվածությունների արդյունք է, քանի որ ադրբեջանցի զինծառայողներին թույլ է տրվել ներթափանցել այնտեղ: Հետեւաբար, դրանք արդեն ճանաչվել են: Պատահական չէ նաեւ ադրբեջանական տեղանունների հնչեցումը: Սա ուղերձ է Ադրբեջանին՝ նոր զիջումների պատրաստակամության մասին: Սա, կարծես, իրավիճակը չսրելու խնդրանք է, եւ Բաքուն ժամանակավորապես բացեց ճանապարհները՝ երթեւեկության արագությունը նվազեցնելու պայմանով: Հետագայում նրանք կարող են կրկին փակել այս ճանապարհները: Գործող իշխանությունը պատրանքներ ունի, թե սահմանազատումը երկաթբետոնե լուծում է, որից հետո սահմանները չեն խախտվի: Թուրք-սիրիական սահմանին վաղուց սահմանազատում է իրականացվել, ինչը չի խանգարում Թուրքիային ցանկացած պահի ներխուժել այնտեղ: Նույնը վերաբերում է թուրք-իրաքյան սահմանին: Պնդել, որ սահմանազատումը կհանգեցնի խաղաղության, քաղաքացիներին մոլորության մեջ գցելու միջոց է: Դա խաղաղության չի հանգեցնի: Այն, ինչ այժմ կատարվում է, նշանակում է տարածքային շարունակական ​​կորուստներ: Եթե ​​ նայենք Ադրբեջանի եւ Թուրքիայի օրակարգին այս հարցի հետ կապված, ապա այնտեղ խոսք չկա հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, այլ խոսվում է միայն Զանգեզուրի միջանցքի մասին:

Ադրբեջանը խոսում է իր տարածքով ադրբեջանական ընկերությունների միջոցով հայկական ապրանքները Ռուսաստան փոխադրելու պատրաստակամության մասին: Սա կնշանակի, որ մենք հսկայական կորուստներ կկրենք: Չկա որեւէ հաշվարկ այս ճանապարհների բացումից մեզ օգուտների եւ դրանց բացման ժամկետների մասին: Ոչ մի տեղ խոսք չկա մեզ համար առավել շահավետ Իջեւան-Ղազախ երկաթուղու մասին: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հստակ գիտի իր նպատակները, գիտի, թե ինչ քայլեր է ձեռնարկում, գիտի հաշվարկները: Սա միանշանակորեն թուրք-ադրբեջանական օրակարգ է, նրանց համար կարեւոր է կապ հաստատել Սյունիքի միջոցով, ինչը նրանց համար ձեռնտու է տնտեսական տեսանկյունից: Այսպիսով, Ադրբեջանը ապրանքներ կներգրավի Կենտրոնական Ասիայից, կդառնա չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս եւ այլն: Հայաստանի համար օգուտները կասկածելի են, բայց կորուստներն ակնհայտ են»,- հավելեց Արմեն Մանվելյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ճանապարհների եւ հաղորդակցությունների համար համաշխարհային մասշտաբով պայքար է սկսվել: Չինաստանի համար շատ կարեւոր է, որ նա կարողանա ապրանքներ մատակարարել Արեւմուտք, ուստի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջադրված ցանկացած նախագիծ ձեռնտու է Պեկինին:

«Դրա հակակշիռը իրանա-հնդկական օրակարգն է: Հայաստանը որոշ չափով նույնպես հայտնվել է այս կենտրոնների պայքարի կիզակետում: Այստեղ շատ կարեւոր են նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները: ԱՄՆ-ի համար այս գործընթացները շահավետ են, քանի որ արդյունքում տարածաշրջանում թուլանում է Մոսկվայի ազդեցությունը: Բացի այդ, Վաշինգտոնը (Թուրքիայի միջոցով) վերահսկողություն է սահմանում Սյունիքի վրա` որպես Իրանի վրա ճնշման միջոց: Ռուսաստանը դեմ չէ ճանապարհների բացմանը, այլ իր վերահսկողության ներքո: Մեզ համար շահավետ կլինի իրանա-հնդկական օրակարգի ակտիվացումը, ինչը դեռ չի դիտարկվում: Հայտնի է, որ իրանական պատվիրակությունը ժամանել է Հայաստան, սակայն բանակցությունները որեւէ արդյունքի չեն հանգեցրել»,- պարզաբանեց փորձագետը:

Նա նշեց, որ հասարակության մեջ մոլորություն կա, թե ադրբեջանական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի սահմանները:

«Պետք չէ մտածել, որ Հայաստան ադրբեջանական զորքերի ներխուժման դեպքում բախում կլինի ռուս զինվորականների հետ: Ցանկացած դաշնակից կարող է օգնելու պատրաստակամություն հայտնել, եթե ինքդ ի վիճակի ես պաշտպանվել: Բայց եթե նման տրամադրվածություն չկա, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները երկիրն ամբողջությամբ փոխանցել են արտաքին կառավարման տակ», - եզրափակեց Մանվելյանը: