ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Չինաստանին կոչ է արել միանալ միջուկային զենքի տարածումը զսպելու միջազգային ջանքերին` զգուշանալով ասիական գերտերության կողմից միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների նախագծումից, հայտնել է AP-ն:

ՆԱՏՕ-ի՝ սպառազինությունների վերահսկման ամենամյա համաժողովում, շարադրելով միջուկային զինաթափման ոլորտում առաջնահերթությունները՝ Ստոլտենբերգը նշել է, որ հրթիռների սահմանափակման հետագա բանակցություններում պետք է ընդգրկվեն ավելի շատ երկրներ, այլ ոչ միայն Ռուսաստանը:

«Որպես համաշխարհային տերություն՝ Չինաստանը պատասխանատվություն է կրում սպառազինությունների վերահսկման համար: Եվ Պեկինը նույնպես կշահի ավելի շատ փոխադարձ սահմանափակումներից, ավելի մեծ թափանցիկությունից եւ կանխատեսելիությունից», - ասել է Ստոլտենբերգը: «Դրանք միջազգային կայունության հիմքերն են»:

Հայտարարելով, որ Պեկինի միջուկային զինանոցը արագորեն ընդլայնվում է՝ նա նշել է, որ Չինաստանը փորձում է զգալիորեն մեծացնել իր միջուկային ներուժը: «Այս ամենը տեղի է ունենում առանց որեւէ սահմանափակման եւ թափանցիկության լիակատար բացակայությամբ»:

Ստոլտենբերգը ողջունել է ՌՀՍ նոր պայմանագիրը եւս 5 տարով երկարաձգելու՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համաձայնությունը, որը սահմանափակում է նրանց ռազմավարական միջուկային զենքը: Սակայն նա նշել է, որ չտարածման մասին բանակցություններին պետք է ավելի շատ զինատեսակներ ավելացնել՝ ներառյալ նոր տեխնոլոգիաները, որոնցից է արհեստական ​​ինտելեկտը: