Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստն սկսվեց օգոստոսի 24-ի նիստում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վարքի քննարկմամբ։

Հիշեցնենք, որ փաստաբանն առանց դատարանի թույլտվության հեռացել էր նիստերի դահլիճից՝ ի պատասխան դատավորի բացարկի մասին միջնորդություն պատրաստելու համար դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից նիստը հետաձգելու մերժման։

Փաստաբանը հիշեցրեց դատարանին պաշտպանյալի իրավունքները։ «Դուք հիանալի գիտեք, որ ես այստեղ եմ այն բանի համար, որպեսզի օրենքով թույլատրված բոլոր միջոցներով իրականացնեմ Արմեն Գեւորգյանի պաշտպանությունը»,- հիշեցրեց փաստաբանը՝ դատարանից հետաքրքրվելով, թե ինչու է այն խանգարում դրան։

Իրավունքներից մեկը, նշեց փաստաբանը, ժամանակի տրամադրումն էր միջնորդություն պատրաստելու համար։ «Իսկ դուք առաջարկեցիք միջնորդությունը ներկայացնել, երբ այն պատրաստ լինի, եւ շարունակեցիք նիստը։ Սա նոնսենս է։ Օրենքը պահանջում է դադարեցնել նիստը, եթե կասկածներ կան դատավորի օբյեկտիվության մասին։ Դրանով իսկ դուք խախտեցիք Արմեն Գեւորգյանի արդարացի դատավարության իրավունքը»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ դատավորի բոլոր անիրավաչափ գործողություններին պատասխան է լինելու։ Փաստաբանը համոզված է, որ իր գործողությունները դատավորի գործողությունների պատասխանն էին։ «Չնայած ես համոզված եմ, որ Դուք, միեւնույն է, պատժամիջոցներ կկիրառեք, քանի որ ես Ձեզ համար համակրելի չեմ։ Նման որոշմանը ես համաձայն չեմ»,- ասաց փաստաբանը։

Լսելով փաստաբանին՝ դատավորը նրա գործողությունները գնահատեց անիրավաչափ եւ որպես պատժամիջոց նախազգուշացում կիրառեց։

Ընդ որում՝ դատավորը օրինաչափություն նկատեց. հենց որ դատախազները մտադրվում են հրապարակել մեղադրական եզրակացությունը, փաստաբանները փորձում են միջնորդություններ ներկայացնել՝ դրանով իսկ խոչընդոտելով իրենց համար անցանկալի գործողությանը։ Դրա համար էլ դատավորն արգելեց ամեն տեսակ միջնորդություն։

Էրիկ Ալեքսանյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանյալի հետ քննարկելու համար դատավարությանն իր հետագա մասնակցության հարցը։

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դեմ արտահայտվեց։