Նույնիսկ եթե իշխանությունը վատն է, բայց եթե որոշում կայացրեց, գիտես, որ այստեղ կա կայունություն, կարող ես կանխատեսել քո ապագան, այս իշխանության պարագայում ոչինչ հնարավոր չի կանխատեսել:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այսօր կարող են գոռգոռալ, ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ», հաջորդ օրը անգամ վախենան, որովհետեւ իրենց արգելվել է Արցախ ոտք դնել: Մ ի օր կարող են ասել՝ մենք ամենաժողովրդավար երկիրն ենք, հաջորդ օրը առանց սահմանված ընթացակարգերը պահպանելու ազատությունից զրկեն արդեն իսկ ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնած պրոֆեսոր Չարչյանին»,-ասաց նա՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ, կարող են այսօր պարտադրել պատվաստվել, իսկ հետո, երբ տեսնեն բողոքի մեծ ալիք կա, ասեն՝ հանում ենք պարտադրանքը:

Անդրադառնալով լրագրողների գործունեության սահմանափակումներին, Մելիքյանը նշեց, որ դրա նպատակն անպատիժ ձեւով ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելն է, որպեսզի դա որեւէ կերպ լրագրողները չարձանագրեն. «Լրագրողների նկատմամբ այս խայտառակ, անհամաչափ սահմանափակումները չաշխատեցին, որովհետեւ ծեծուջարդը, որ կազմակերպեցին ԱԺ դահլիճում, նկարահանեցին հենց Ազգային ժողովի պատգամավորները: Ի՞նչ պետք է անեն, պետք է արգելեն մարդկանց հեռախոսով մտնել Ազգային ժողո՞վ: Ես դա բացառում եմ»: