Մենք սեպտեմբերի 21-ին շատ մեծ հրավառությամբ և հանդիսությամբ զորահանդես պիտի իրականացնեինք, այլ ոչ թե համերգներ, շոու ծրագրեր։ Այս մասին «TALK TIME»–ի տաղավարում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, նորմա՞լ է, որ սեպտեմբերի 21–ին կառավարությունը որոշել է մաշստաբային և գունագեղ տոնակատարությամբ անկախության օրը նշել։

«Ընդհանրապես հիշատակի մեր բոլոր միջոցառումները մենք պետք է առնվազն մեկ տարի հավուր պատշաճի կատարենք։ Եթե մենք սեպտեմբերի 21-ին իսկապես նշում ենք մեր անկախության տոնը, ապա պետք է ասեմ, որ սեպտեմբերի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, 13-ին՝ Մեռելոցը։ Այդ օրը հայտարարվել է աշխատանքային։ Մինչդեռ այդ օրը կարևորագույններից է, և կարծում եմ, որ գոնե այս կերպ մենք պետք է հնարավորություն տայինք, որպեսզի հարազատները, բարեկամները մասնակցեն հիշատակի արարողություններին»,– նշեց փորձագետը։

Իսկ սեպտեմբերի 21-ի միջոցառումներ առնչությամբ էլ նա ճիշտ համարեց զորահանդեսի անցկացումը։ «Ես ավելի ուրախ կլինեի, եթե մենք սեպտեմբերի 21-ին շատ մեծ հրավառությամբ և հանդիսությամբ զորահանդես իրականացնեինք, այլ ոչ թե համերգներ, շոու ծրագրեր։ Վերջիվերջո 18-20 տարեկան տղերք ենք կորցրել, ընտանիքներ են դժբախտացել, ընտանիքներ կան, որոնց որդիները դեռևս գտնված, հուղարկավորված չեն, անհետ կորածներ կան, գերիներ ունենք։ Այսինքն՝ դեռ դրա ժամանակը չէ՝ որքան էլ փորձենք ցույց տալ, որ կյանքը շարունակվում է»։

Անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի Հունաստանում զվարճանում են, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Արցախն իր անկախության օրն էր նշում առանց ՀՀ բարձրաստիճան ղեկավարության, Հովհաննիսյանը նկատեց.«Մենք պետք է ամեն առիթ օգտագործենք Արցախում լինելու համար, որովհետև որքան շատ մեքենա մտնի Արցախ, որքան շատ Շուշիի տակով, թուրքի աչքի առջևով մեքենաների շարասյուներ անցնեն, այդքան մենք հոգեբանորեն նրանց վրա ազդելու ենք։ Վերջ ի վերջո Ալիևը հայտարարում է, որ Արցախում հայ չի մնացել, դրանք պատահական հայտարարություններ չեն։ Եվ փոխանակ մենք ամեն առիթ օգտագործենք, որպեսզի Արցախ գնանք... ցավոք, բոլորովին այլ իրավիճակ է, այլ իրականություն»։