ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից, երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում հայ-վրացական երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ՝ Արցախյան վերջին պատերազմին է անդրադարձ կատարել:

«Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։

Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։

Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։

Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։

Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։

Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։

Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան»,- նշել է Վրաստանի վարչապետը։