Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որեւէ ապացուցման շեմ հաղթահարված չի. չկա դա ուղղակի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը:

«Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված  ձեւով պահելը իրավունքի հետ առնչություն չունի: Իրավաբանությունը սրա մասին չէ: Իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոցն է, երբ ոչ մի այլ միջոցով հնարավոր չէ անձի պատշաճ վարքագիծ ապահովել:

Ես ինձ այդ հարցն եմ հաճախ տալիս. Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ ավելի կարեւոր լինի, քան մարդու կյանքը, վաստակը, առողջությունը: Սա կարող է լինել վրեժխնդրություն, կարող է լինել բռնապետական ռեժիմի դրսեւորման ամենադասական իրավիճակներից մեկը: Սա վախեցնող մթնոլորտ է: Ես ցավ եմ ապրում, որ ունենք նման տոտալ անգործության մատնված իրավական համակարգ»,-ասաց նա:

Վարդեւանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը երեկ հիվանդանոց տեղափոխվել է գրեթե ուշագնաց լինելու պայմաններում. «Սա խոշտանգում է: արմանալի է, թե նման պայմաններում ինչ Բարձրագույն դատական խորհրդի մասին ենք խոսում, ինչ մակարդակի դատախազության մասին ենք խոսում»:

Հարցին, թե որոնք են լինելու իրենց գործողությունները, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Գործողություններ կան, որոնց մասին դեռեւս չենք բարձրաձայնում: Կփորձենք այս իրավիճակները միջազգային հանրությանը եւս ներկայացնել: Տեղյակ եմ, որ բժշկակակն հանձնաժողով ձեւավորելու եւ փորձաքննություն  իրականացնելու մասով եւս գործողություններ կատարվում են»: