Աֆղանստանում թալիբների գրավումը «ոգեշնչել է» ծայրահեղականներին եւ կարող է «Ալ-Քաիդա»-յի ոճի խոշոր հարձակումների վերադարձին Արեւմուտքում, հայտարարել է բրիտանական հետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան կարող է «մեծ ռիսկի» բախվել՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման եւ Աֆղանստանի միջազգայնորեն աջակցվող կառավարության տապալման դեպքում: «Ահաբեկչական սպառնալիքները, որպես կանոն, միանգամից չեն փոխվում` նպատակային դավադրության, ուսումնական ճամբարների կամ ենթակառուցվածքների առումով, նրա, ինչով «Ալ-Քաիդա»-ն զբաղվում էր Աֆղանստանում սեպտեմբերի 11-ի ժամանակ»,- ասել է Մաքքալումը BBC-ին:

«Մեկ գիշերվա ընթացքում դուք կարող եք հոգեբանական ազդակ ստանալ, բարձրացնել ծայրահեղականների բարոյական ոգին այստեղ կամ այլ երկրներում: Այսպիսով, մենք պետք է զգոն լինենք թե՛ ոգեշնչված ահաբեկչության աճի, որը մեզ համար իսկական միտում է դարձել վերջին հինգից տասը տարիների ընթացքում, եւ թե՛ «Ալ-Քաիդա»-յի ոճով դավադրությունների պոտենցիալ վերածննդի կապակցությամբ»:

Մաքքալումն ասել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները տապալել են վերջին չորս տարվա ընթացքում ինչպես իսլամական, այնպես էլ աջ ծայրահեղականների հարձակման 31 ծրագիր: