Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույ Տհան Շոնը Հանոյում բանակցություններ է վարել արտաքին գործերի նախարար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ Վան Յիի հետ, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ եւ քննարկել են Վիետնամ-Չինաստան համապարփակ ռազմավարական գործընկերության խթանմանն ուղղված հատուկ միջոցառումները, հայտնում է Վիետնամական լրատվական գործակալությունը:

ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման եւ վերահսկման ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ապահովելով Վիետնամի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության պահպանումը: Բույ Տհան Շոնը Չինաստանին առաջարկել է պարզեցնել վիետնամական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերը, հատկապես՝ ընդհանուր ցամաքային սահմանի անցակետերը հատող գյուղմթերքները, ինչպես նաեւ ընդլայնել Վիետնամից մրգերի եւ բանջարեղենի պաշտոնական ներմուծումը, ինչը կնպաստի երկու երկրների երկկողմ հավասարակշռված առեւտրաշրջանառությանը արտադրության ու իրացման շղթաների պահպանմանը։

Նախարարները նաեւ ընդգծել են, որ Վիետնամը եւ Չինաստանը, Հարավարեւելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) երկրների հետ համատեղ, կնպաստեն Հարավչինական ծովում կողմերի համար արդյունավետ եւ բովանդակալից վարքագծի օրենսգրքի մշակման ու ընդունման բանակցություններին, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, ներառյալ ՄԱԿ-ի 1982 թվականի ծովային իրավունքի կոնվենցիային, նշում է VIA-ն: