Բացի սրտի խնդրից «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ օրեր առաջ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Այս պահին Չարչյանը գտնվում Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Խափանման միջոցի հարցով երկու անգամ եմ դիմել դատարան` հրատապ նիստ հրավիրելու կապակցությամբ, նաեւ օգոստոսի 24-ին երբ ստացա բժշկական նոր փաստաթղթեր նրա վիճակի մասին կրկին դիմեցի հրատապ նիստ հրավիրելու միջնորդությամբ, բայց մինչ օրս դատարանից լուր չկա»,- ասաց փաստաբանը հավելելով, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նշենք, որ Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):