Եվրոպական շուկայում գազի գինը հասել է հերթական ռեկորդի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրը 730 դոլարը, ՏԱՍՍ-ը մեջբերում է ICE բորսայի տվյալները։

«TTF հաբում հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում երկուշաբթի հասավ հազար խորանարդ մետրը 731,5 դոլարի կամ 1 Մվտ/ժ-ն 59,95 եվրոյի (ելնելով դոլարի նկատմամբ եվրոյի ընթացիկ փոխարժեքից, գները ICE-ում ներկայացված են եվրոյով 1 Մվտ/ժամի համար)»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրոպայում գազի գնի նախորդ ռեկորդը գրանցվել էր օգոստոսի վերջին, այն ժամանակ, երբ պատմության մեջ առաջին անգամ արժեքը գերազանցեց հազար խորանարդ մետրը 600 դոլարը։ Սփոթ շուկայում գինը նույնպես մոտենում էր ռեկորդային նիշերի՝ հասնելով մեկ առեւտրային միավորը 580 դոլարի։ Նշվում է, որ գնի աճի գլխավոր գործոնը գազի պաշարների ցածր մակարդակն է Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում՝ գազատարներով գազի եւ հեղուկացված գազի սահմանափակ մատակարարման դեպքում։

Օգոստոսի սկզբին «Գազպրոմը» իջեցրեց գազի մղման ծավալները Եվրոպայի պահեստարաններ։ Տարանցումը նվազեց Ավստրիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների պահեստարաններում։