Իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանում կազմակերպված եւ անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանում էին Ընտրական օրենսգրքի պահանջներին: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Պատգամավորը, մասնավորապես, ԿԸՀ նախագահին խնդրեց ավելի բաց եւ հստակ հայտարարել, որ վերջերս Հայաստանում անցկացված համաժողովրդական ընտրությունները լիովին համապատասխանում էին օրենքի տառին:

Ի պատասխան՝ Մուկուչյանը հիշեցրեց, որ ինքը ԿԸՀ-ն ղեկավարում է 2012 թվականից: «Եվ ես այդ ժամանակվանից շատ ընտրություններ եմ կազմակերպել: Ես իմ կարծիքը հայտնել եմ երկրում տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրությունների վերաբերյալ: Իմ կարծիքով՝ բոլոր ընտրությունները կազմակերպվել եւ անցկացվել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- ընդգծեց ԿԸՀ ղեկավարը՝ ի հեճուկ ներկայիս իշխանությունների դիրքորոշմանը, որոնք պնդում են, որ մինչ «Թավշյա հեղափոխությունը» ընտրությունների ընթացքում խոշոր խախտումներ են եղել: