Այս տարվա հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում երբեւէ անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները  դարձան: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Պատգամավորն ասաց, որ 1998-ի նախագահական ընտրություններից սկսած մասնակցել է ընտրական գործընթացներին՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով:

«Ես կարող եմ ժամերով պատմել այն մասին, ինչ տեսել եմ 2018 թվականի ընտրություններից առաջ: Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում երբեւէ անցկացված ամենալեգիտիմ ընտրություններն էին: Այս մասին ես ասում եմ՝ չհաշված 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները, քանի որ այդ ընտրություններն անցել են առանց որեւէ մրցակցության, քանի որ ոչ ոք կասկածի տակ չէր դնում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը»,- ասաց Հովակիմյանը: