ԱՄՆ, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի դիվանագետները եռակողմ հանդիպում են ունեցել Տոկիոյում, որի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռների փորձարկումները, տեղեկացնում է Kyodo գործակալությունը։

Կողմերը նաեւ պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում, որին հասնելու համար Փհենյանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն։

Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության (ԿԿՀԳ) տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռները խոցել են թիրախները 1,5 հազար կիլոմետր հեռավորությունից։

Ճապոնացի դիվանագետն ընդգծել է, որ եթե հյուսիսկորեական նոր հրթիռն իսկապես ի զորու է  հաղթահարել 1,5 հազար կիլոմետր հեռավորություն, ապա դա ուղղակի սպառնալիք է պարունակում Ճապոնիայի խաղաղության ու անվտանգության համար։ Երկրի իշխանությունները նաեւ խոստացել են շարունակել ամրապնդել իրենց պաշտպանական կարողությունները։