Հայ փորձագետներն այցելեցին Կոլայի ատոմակայանը (Ռուսաստան, Մուրմանսկի շրջան)՝ ВВЭР-440 էներգաբլոկների ծառայության ժամկետը կրկնակի երկարացնելու փորձին ծանոթանալու նպատակով: Այս փորձը ներկայում ուսումնասիրվում է Հայաստանում կիրառելու համար:

Հայկական ԱԷԿ-ում այս տարի վերջին կարևոր աշխատանքներն են ընթանում երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ` կայանի շահագործումը մինչև 2026 թվականը երկարաձգելու նպատակով: Սակայն այսօր արդեն նախնական հաշվարկներ են կատարվել, ըստ որոնց՝ կայանը կարող է շահագործվել ևս 10 տարի: Հետևաբար, Կոլայի ԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման փորձը օգտակար է Հայաստանի համար:

Հայկական և Կոլայի ԱԷԿ-երի համագործակցությունը պայմանավորված է ոչ միայն նույն տեսակի ռեակտորներով: Ժամանակին Հայկական ատոմակայանի կառուցումը կապված էր հենց Կոլայի ատոմակայանի հետ, որտեղ ստեղծվեց Հայաստանի համար կադրերի պատրաստման հատուկ ստորաբաժանում `փորձարկման և գործարկման արտադրամաս: