Սլովակյան Vuye ընկերությունը բանակցություններ է վարում հայկական կողմի հետ «Մեծամոր» ՀԱԷԿ-ի արդիականացմանը մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Նախարարը փաստել է  հարաբերությունների աճող դինամիկան եւ կողմերի պատրաստակամությունը՝ էլ ավելի աշխուժացնել դրանք։ «Իմ դոկտրինն է՝ լավ հարաբերություններ ունենալ եւ օգտվել պոտենցիալից։ Այն կա, մասնավորապես, տնտեսությունում»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ անցած տարի նկատվել է ապրանքաշրջանառության որոշակի աճ, իսկ երկու երկրների սովորական քաղաքացիները միայն կշահեն հարաբերությունների զարգացումից։ «Էներգետիկայի հատվածը բազմախոստում է։ Սլովակյան Vuye ընկերությունը բանակցություններ է վարում «Մեծամոր» կայանի արդիականացմանը մասնակցելու մասին»,- նշել է նախարարը։ Համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում նա նաեւ նշել է գյուղատնտեսությունը, ՏՏ-ն, տուրիզմը, մշակութային փոխգործակցությունը։

Սլովակիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է որպես ԵՄ անդամ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված օրենքի գերակայության ապահովմանն ու դեմոկրատիային հավատարմությանը։ Ամփոփելով՝ նա պաշտոնապես Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Սլովակիա։

Արարատ Միրզոյանը փաստեց հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիման վրա, բարձր մակարդակով քաղաքական երկխոսության առկայությունը։ «Կա վիթխարի չիրականացված պոտենցիալ։ Անհրաժեշտ է ջանքեր գործադրել էներգետիկայի, ՏՏ, մշակույթի եւ գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի համար։ Նման միջոցառումներ նախատեսվում են մոտ ապագայում»,- նշել է նախարարը։