Միայն Ռուսաստանի միջամտությունը պատերազմի վերջին պահին կանխեց Արցախի վերջնական կորուստը։ Այս մասին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելու» մամուլի ասուլիսում։

Ռազմական փորձագետը պատերազմի ողջ ընթացքը, այն, թե ինչ արագությամբ եւ ինչ ճանապարհներով հաջողվեց ադրբեջանական բանակին հասնել Շուշի, համարում է բազմաթիվ հարցեր հարուցող։

«Հիմա  սկզբունքային նշանակություն ունի ռուսական գործոնը։ Պատահական չէ, որ նրանք (իշխանությունները) եւ նրանց տերերը հակառուսական քարոզչություն են սկսել։ Մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, իբր այդ նա է ցանկանում միջանցքը տալ։ Նման բոլոր մեղադրանքները չկայացած են։ Դա Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէ, դա հասկանում է աշխարհաքաղաքականությունից քիչ թե շատ հասկացող յուրաքանչյուր ոք»,- նշեց Ջամալյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր տարբերակ կլինի Փաշինյանի փորձը՝ ստորագրել մի ինչ-որ խաղաղության փաստաթուղթ։ «Հաջորդ քայլը փաստաթղթի ստորագրումից հետո կլինի ռուսական ռազմակայանը դուրս բերելու պահանջը։ Եթե դու ամեն ինչ ստորագրել ես եւ բարեկամացել թուրքերի հետ, ռազմակայանի իմաստն իսկ կորչում է»,- զգուշացրեց փորձագետը։ Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի գործոնի հետ։ «Հիմա Ռուսաստանը զսպում է Սյունիքի կորուստը։ Նա (Փաշինյանը) ամեն գնով փորձելու է հանձնել այն, ինչի համար նրան իշխանության են բերել։ Բայց եւ չի կարելի գերագնահատել Ռուսաստանի գործոնը։ Եթե երկրի գլխին մեկն է, ով փորձում է տարածքներ հանձնել, ինչպես էլ հույսդ դաշնակցի վրա դնես, նա ոչինչ անել չի կարողանա, որոշում է քո պետության ղեկավարը»,- հիշեցրեց փորձագետը։

Ջամալյանը հույս ունի, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա Սյունիքի եւ Արցախի մնացած մասի կորուստը։ Առաջին հերթին, սեփական շահերից ելնելով։ Հիմա անհամեմատ ավելի անվտանգ է Արցախում, քան Սյունիքում, նկատեց Ջամալյանը։ Խոսելով իշխանության ներկայացուցիչների դիրքորոշման մասին Սյունիքի ճանապարհներին տեղի ունեցողի հարցում՝ փորձագետը նշեց. ողբերգությունն այն է, որ նրանցից շատերը համաձայն են այն թեզին, որ ճանապարհն իբր մերը չէ. «Այդպես չէ։ Եթե ճանապարհը հատեր Ադրբեջանի տարածքը, դրա համար կպահանջվեր երկու հանրապետությունների նախարարների համաձայնությունը, կլիներ համապատասխան նորմատիվային բազա։ Ոչ մի նման բան չկա։ Վերցրեք ցանկացած քարտեզ եւ նայեք։ Ամբողջ ճանապարհը լրիվ անցնում էր Հայկ. ԽՍՀ տարածքով։ Իմանալով սա՝ նրանք, միեւնույն է, ասում են «ադրբեջանական հատված»՝ օգտվելով մարդկանց չիմացությունից»։

Փորձագետի կարծիքով՝ ֆորս-մաժորը մոտենում է, դա տեղի կունենա, եթե Փաշինյանը փորձի ինչ-որ բան ստորագրել։ «Դա կլինի երկրորդ հարվածը Ռուսաստանին։ Ռուսաստանին եւ Իրանին առաջին հարվածը արաքսամերձ տարածքների կորուստն էր։ Ֆորս-մաժորը կարող է հասարակության համախմբման ազդանշան դառնալ»,- կանխատեսեց փորձագետը։