Ոստիկանները բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող Ֆիզգորոդոկ թաղամասի չորս բնակչի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով»,- նշեցին Ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Թաղամասի բնակիչները շինարարությունը համարում են ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

Հավելենք նաև, որ այս պահին թաղամասի մի քանի բնակիչներ մտել են քաղաքապետարան քննարկումների համար։