Երեւանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների հուշարձան կտեղադրվի: Համապատասխան որոշումն ընդունվեց սեպտեմբերի 14-ին՝ Երեւանի ավագանու նիստում:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը բացատրեց, որ հուշարձանը նախատեսվում է տեղադրել Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան ետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում:

Նա հավելեց, որ հուշարձանի տեղադրման առաջարկը եղել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների ժառանգներից:

«Հուշարձանը կկանգնեցվի ի պատիվ Արամ Երկանյանի, Սողոմոն Թեհլերյանի, Միսակ Թոռլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գեւորգյանի եւ Հակոբ Մելքումովի: Շատ այլ մարդիկ են աջակցել նրանց»,- հավելեց Արեյանը: