Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը երեքշաբթի քննարկել է այն աղմուկը, որ ծագել է դասագրքից ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դրական հիշատակումներով էջը պոկելու ուսուցիչներին տրված հանձնարարականի շուրջ, եւ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Պրոդրոմոս Պրոդրոմուից հավաստիացումներ է ստացել, որ պատմությունը կհետաքննվի։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախարարը ներկայացրեց տխուր միջադեպի ամբողջական պատմությունը, ինչպես նաեւ այն ի սկզբանե լուծելու անընդունելի եղանակը՝ դպրոցում անգլերենի երկրորդ տարվա ուսուցման համար գրքից էջ պոկելու հրահանգներ ուղարկելով: Փաստերը ճշտելու համար կրթության նախարարն արդեն հանձնարարել է այս խնդիրը լուծելու հետաքննություն անցկացնել»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ:

Այնտեղ նաեւ ասում է, որ Պրոդրոմուն «կրկին հայտարարել է, որ չի դիմում նման մեթոդների» (ըստ կիպրական մամուլում հրապարակումների՝ իբր կրթության նախարարության ղեկավարը անձամբ է հանձնարարել պոկել էջը): «Բայց նա նաեւ ասել է, որ որպես դասագրքեր օգտագործվող գրքերի գնահատման համար այսուհետ ավելի խիստ ընթացակարգեր կկիրառվեն՝ ժամանակակից պատկերացումների հիման վրա, ինչպես վայել է եվրոպական պետությանը»,- հայտնել են գրասենյակից:

Պատմությունը սկսվեց նրանից, որ անգլերենի ուսուցիչներից մեկը Facebook-ում տեղադրել է կրթության նախարարության շտապ հրահանգը ուսուցիչներին, որը պահանջում է պոկել 36-րդ «վիրավորական էջը» դասագրքից՝ երկու վարժությամբ, որոնցից մեկում հիշատակվում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, իսկ մյուսում՝ Աթաթուրքը։ Ընդ որում՝ դրանցից վերջինը անվանվում է «Թուրքիայի մեծագույն հերոս»: Նախարարության հրահանգը բացասական արձագանք է առաջացրել սոցցանցի օգտատերերի մեծ մասի մոտ, ովքեր մեկնաբանություններում նշել են, որ չնայած անհամաձայնությանը, էջը պետք է թողնել: Ավելի ուշ պարզվել է, որ Աթաթուրքի հիշատակմամբ վարժությունը առաջադրանքի մի մասն է, որը Կիպրոսի հույների ավագ դպրոցների նախավերջին դասարանում քննադատական մտածողություն է ուսուցանում, թե ով է իսկական հերոսը, ով՝ ոչ:

Անցած չորեքշաբթի կրթության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ դասագիրքը ժամանակավորապես հանվել է դպրոցական ծրագրից: Նախարարությունը անթույլատրելի է անվանել դասագրքի գնահատականը, որտեղ Թուրքիայի առաջին նախագահը ներկայացվում է որպես «առաջնորդության որակների օրինակ»: Հայտարարության մեջ ասվում է, որ «Աթաթուրքի եւ երիտթուրքերի անունները հոմանիշ են այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ պոնտացիների եւ ասորիների ցեղասպանությունը, ինչպես նաեւ Իզմիրում եւ այլ վայրերում հելլենիզմի հանցավոր «ոչնչացումը»»:

Ի պատասխան դասագիրքը հետ կանչելու կրթության նախարարության որոշման՝ Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն դատապարտեց Կիպրոսի հունական իշխանությունների «այս անախրոնիկ, թշնամական եւ անընդունելի դիրքորոշումը», որից հետո Կիպրոսի թուրք համայնքի ղեկավարությունը նույնպես սատարել է Անկարայի դիրքորոշումն այս հարցում:

Իր հերթին, հույն-կիպրական կրթության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի միջամտել այս թեմայով որոշումների կայացմանը: Իսկ Անաստասիադիսը, չնայած նկատել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպես է արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն այս խնդրին, միեւնույն ժամանակ իր վերահսկողության տակ է վերցրել էջը պոկելու սկանդալային պատմությունը եւ հասկացրել է, որ դպրոցական դասագրքից Աթաթուրքի դրական հիշատակումով էջի հեռացումը կարող էր բոլորովին այլ կերպ լուծվել 21-րդ դարում: