Հանդիպեցի Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի եւ Դարյա Վոլոդինայի հետ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծեցի հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները:

Վստահություն հայտնեցի,որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձեւավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան եւ կամրապնդվեն:

Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին: Այս համատեքստում նշեցի, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ եւ կարևորեցի հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Երկուստեք բարձր գնահատվեց Ուկրաինայում հայերի միության եւ հայ համայնքի դերակատարությունը:

Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարեւորեցինք հստակ գործնական քայլերի իրականացումը»,– հայտնել է Աղաջանյանը: