ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ թալիբները որոշակի վարքագծի դեպքում կարող են լրացուցիչ միջազգային պատժամիջոցների ենթարկվել:

«Դժվար է պատկերացնել, որ ներկայիս պատժամիջոցները կհանվեն, եթե թալիբները դեմ գնան աֆղանստանցիների հիմնական պայմաններին: Ավելին, լրացուցիչ պատժամիջոցներ կարող են կիրառվել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը:

Բլինքենը նաեւ փորձել է արդարացնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գործողությունները՝ կապված Աֆղանստանից զորքերի դուրսբերման եւ տարհանման ընթացքում առաջացած խնդիրների հետ՝ դրա համար պատասխանատվությունը բարդելով, մասնավորապես, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ կազմակերպության քարտուղարությունը չի զբաղվի «Թալիբան» արմատական շարժման դեմ պատժամիջոցների վերացման հարցով:

Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքի այլ երկրներ նախազգուշացրել էին, որ թալիբները պետք է երաշխավորեն Աֆղանստանում մարդու իրավունքների պահպանումը, ինչպես նաեւ պայքարեն ահաբեկչության դեմ: Սեպտեմբերի սկզբին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի պլանավորում վերանայել թալիբների դեմ պատժամիջոցները: