Դատախազությունը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ գրավի չափը չփոխվեն։

Ինչպես ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը Վերաքննիչ դատարանի նիստում, կարծիք հայտնելով Քոչարյանի փաստաբանների բողոքի առիթով, այն բավարարման ենթակա չէ, մանավանդ որ ավելի վաղ Վճռաբեկ դատարանը տվել էր բոլոր սպառիչ պատասխանները։ Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի փաստաբանները խնդրում են չեղարկել կամ փոխել խափանման միջոցը կամ կրճատել գրավի չափը։

Պաշտպանության կողմի փաստարկները դատախազը համարում է չհիմնավորված։ Միեւնույն ժամանակ, նա համաձայնեց, որ գրավի սահմանված 2 մլրդ չափը գերազանցում է  վնասի հատուցման սպասելի շեմը, բայց հարգելով Վճռաբեկ դատարանի որոշումը՝ գրավի չափը պետք է մնա անփոփոխ։

Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 18-28-ը փաստաբան Կարեն Մեժլումյանը արձակուրդում է լինելու, իսկ դատավորներն իրենք մինչեւ հոկտեմբերի առաջին տասնօրյակի վերջը վերապատրաստման դասընթացների են, դատավոր Նարինե Հովակիմյանը հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին։