Այսօր երիտասարդությանը չի հրապուրում անասնաբույծի եւ անասնաբույժի մասնագիտությունը, որոնք կարելի է համարել մեռնող մասնագիտություններ:

Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Ագրարային համալսարանի անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիտչյանի հետ, ով նշեց, որ դրա պատճառները մի քանիսն են. «Նախ, երիտասարդության մի հատված չի ուզում կրթություն ստանալ այդ ուղղություններով, քանի որ շրջաններում օգնում են իրենց ծնողներին, շատ կամ քիչ շահույթ են ստանում, եւ դա իրենց բավարարում է: Իսկ այն մասը, որ ցանկանում է բարձրագույն կրթություն ստանալ, նախապես հետաքրքրվում է, թե իրեն ապագայում ինչ է սպասվում, իսկ ապագան շատ անորոշ է անասնաբուծության ոլորտում երիտասարդների համար, որովհետեւ նրանք ստանալով մագիստրի դիպլոմներ, այսօր աշխատանք չենք կարողանում գտնել: Աշխատանքը մասնավորի մոտ է, որը աշխատում է երկուսը մեկ անել, պահում է մեկ անասնաբույժ, կամ անգամ հրավիրում է անասնաբույժի, որ ամեն ամիս աշխատավարձ չտա եւ անասնաբուժության հարցերը չի ընդգրկում այդ գործընթացում: Անասնաբուժությունն ու անասնաբուծությունը տարբեր մասնագիտություններ են, շատերին թվում է, թե մեկը մյուսի ֆունկցիաները պետք է իրականացնի: Դա նույնն  է, որ թերապեւտի եւ վիրաբույժի աշխատանքը նույնացնենք»:

Չիտչյանը նկատեց, որ խորհրդային կարգերից հետո սեփականաշնորհվեցին հողերը, վերացվեցին կոլխոզներն ու սովխոզները, որտեղ խոշոր գլխաքանակներ կային եւ մասնագետներ էին աշխատում բավական լավ աշխատավարձով. «Այսօր մասնավորն ամեն մեկը 2-3 գլուխ անասուն է պահում: Այն կենդանիները, որոնք նրանք ժառանգեցին կոլխոզներից, որակապես աստիճանաբար վատացան: Նախկինում ունեինք բարձր բրդատու ոչխարներ, բարձր քաշաճ տվող խոզեր, բարձր կաթնատու կովեր, դրանց որակը վատացավ: Պետությունը կորցրեց այն պահը, եւ գյուղատնտեսական բուհերում պետական պահանջ չդրեց կարեւոր մասնագիտություններից գծով: Պետպատվերով չհրապուրեց երիտասարդներին, որ ստանան այս մասնագիտությունը եւ ապահովի նրանց աշխատատեղ համապատասխան աշխատավարձով:

Այսօր բոլորին թվում է, որ կարող են ինտերնետից կցկտուր գիտելիքներ ստանալ կենդանիների կերակրման, ցեղի մասին իմանալ ու դրանով արտադրություն կազմակերպել, բայց դա խեղաթյուրանք է»,-հայտարարեց Չիտչյանը:

Իր հերթին, անասնաբույժ Զորիկ Փամբուխչյանը նշեց, որ ցավոք, անասնաբուժության ոլորտում աշխատողների տարիքը 55-ից բարձր է, ունենք անգամ 70-75 տարեկան անասնաբույժներ:

«Այս մասնագիտությունը գրավիչ չէ, որովհետեւ ցավոք, աշխատավարձը չափազանց ցածր է՝ 55-60 հազար դրամ, մինչդեռ այդ աշխատանքը բավական դժվար, ծանր, ինչ-որ տեղ նաեւ կեղտոտ աշխատանք է: Այսօրվա երիտասարդներն ուզում են ունենալ թեթեւ եւ բարձր վարձատրվող աշխատանք: Ընդհանուր առմամբ անասնաբուժական ոլորտում այսօր աշխատում է 630-650 մարդ, որոնց աշխատավարձը գործարքային է: Այսինքն եթե հունվար-փետրվարին չի աշխատում, չի էլ վարձատրվում:

Հարց բարձրացվեց, որ մարդուն վճարեն գոնե նվազագույն գումար գյուղապետարանների կողմից, որ նախ լուծվի ստաժի խնդիրը, եւ նաեւ գրավիչ դառնա այդ աշխատանքը: Իհարկե, կան մասնավոր մեծ ընկերություններ, որտեղ անասնաբույժի աշխատավրձը կարող է հասնել անգամ 600-700 հազարի, բայց դրանք եզակի ձեռնարկություններ են»,-ասաց նա:

Փամբուխչյանը նկատեց, որ եթե այսօր ուշադրություն չարձնենք այս ոլորտին, եւ տարեց աշխատակիցներն էլ գնան, մենք կկանգնենք խոշոր վտանգի՝ կենսաբանական հիվանդությունների առաջ. «Եթե կորցնենք մասնագիտությունը, կկարոցնենք շատ-շատ բաներ: Այսպես շարունակել չի կարելի»:

Փամբուխչյանի  խոսքով, այսօր Ագրարային համալսարանում կա անասնաբույժի մասնագիտություն, որն այսօր պետության կողմից չի հաստքավորվում, եւ բնական է, որ ծնողը չի վճարի 5 մլն դրամ, որ երեխան ուսում ստանա ու համալրի տաքսի քշողների կամ անգործների բանակը. «Մենք այսօր ունենք սանտարիայի փորձաքննություն եւ անասնաբուժություն մասնագիտությամբ սովորող 20 հոգի: Չունենք ուսանողներ անասնաբուծության, դեղագործության բնագավառում»:

Ինչ վերաբերում է գյուղերին, նա ասաց, որ այն գյուղերում, որտեղ անասունների մեծ գլխաքանակ կա, այնտեղ անասնաբույժներ կան: Ուղղակի կարող են լինել 4-5 գյուղեր, որտեղ գլխաքանակը մեծ չէ, անասնաբույժ չպահեն: